ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Փաշինյանը պետք է հրաժարական տա, բայց երբ տեսնում եմ այդ հին ուժերին՝ Սերժ, Քոչարյան, ՀՅԴ և այլն, սարսափում եմ»

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Փաշինյանը պետք է հրաժարական տա, բայց երբ տեսնում եմ այդ հին ուժերին՝ Սերժ, Քոչարյան, ՀՅԴ և այլն, սարսափում եմ»



Մեր զրուցակիցն է ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը
Տարբեր հայտարարություններ են հնչում Սփյուռքից, ՀՅԴ-ի տարբեր կառույցներ պահանջում են վարչապետի հրաժարականը: Ի՞նչ է կատարվում Ֆրանսիայի հայ համայնքում:
Բնական է, որ Դաշնակցությունը պահանջում է վարչապետի հրաժարականը, որովհետև իրենք Նիկոլ Փաշինյանի թշնամին են: Այստեղ ոչ մի զարմանալի բան չկա: Տպավորություն է, որ իրենք ժողովրդին հանում են մեկը մյուս դեմ: Այո, Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, բայց դա պետք է անի ճիշտ ձևերով, որ ժողովուրդը կարողանա արտահայտել իր իրական ձայնը և որոշել, թե ում է ուզում տալ իր քվեն: Ես անձամբ շատ մտահոգված եմ, երբ տեսնում եմ, որ Հայաստանում տեղի են ունենում ցույցեր ընդդեմ Փաշինյանի և ցույցեր Փաշինյանին պաշտպանող: Կարծում եմ, որ հիմա բոլորովին դրա ժամանակը չէ, որովհետև պատերազմից հետո մենք իրավունք չունենք ժողովրդին հանել իրար դեմ և մեր երկիրն ավելի վտանգավոր իրավիճակի մեջ դնել: Այսօր երկրի առջև ծառացած բազմաթիվ շատ ավելի կարևոր խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն:

Այո, Փաշինյանը պետք է հեռանա, բայց հանգիստ ձևով, ոչ թե փողոցային պատերազմով: Այս հարցում Ֆրանսիայի հայերի մեծամասնությունը համակարծիք է, բացառություն է կազմում ՀՅԴ-ն: Կրկնում եմ՝ Փաշինյանը պետք է հրաժարական տա, բայց երբ տեսնում եմ այդ հին ուժերին ու գործիչներին՝ Սերժ, Քոչարյան, ՀՅԴ և այլն, որոնք դուրս են եկել փողոց, ես սարսափում եմ: Դրա համար պետք է Հայաստանի ժողովուրդը խելացի ձևով վարվի և կազմակերպի իրական ժողովրդավարական ընտրություն՝ առանց փող բաժանելու: Հիմա ՀՀ ժողովուրդն ավելի աղքատ է, քանի որ կորոնավիրուս է եղել, պատերազմ է եղել, ու հիմա այդ ժողովրդին փող են բաժանելու, որ գնան ընտրեն իրե՞նց: Հոգնել ենք դրանից: Ուզում ենք հույս ունենալ, որ հնին վերադարձ չի լինի: Հայաստանը վերջին տարիներին իր սխալներով հանդերձ լավ ճանապարհի վրա էր և հիմա չպետք է թույլ տալ, որ այդ ճանապարհից շեղվի: Ես վստահ եմ, որ մենք ունենք հայրենասեր, խելացի մարդիկ, որոնք չեն ուզում քայքայել երկիրը:
Ամեն դեպքում դուք նույնպես կարծում եք, որ վարչապետը պետք է հրաժարակա՞ն տա:
Այո, ես համոզված եմ, որ եթե նա մի քիչ խելք ունենա, կհասկանա, որ ինքը չի կարող շարունակել ղեկավարել, բայց մի քիչ ժամանակ պետք է տալ, երկիրը ժամանակ պետք է ունենա շնչելու, իրավիճակը կայունացնելու և նոր միայն ընտրություններ կազմակերպելու համար: Իսկ այսպես շարունակվելու դեպքում մենք վտանգում ենք հայկական պետականությունը: Հուսամ, որ հայ ժողովուրդն ավելի խելացի կլինի, քան այդ հին խաղացողները: Օրինակ, ՀՅԴ-ն 20-25 տարի իշխանության ուժերի մեջ էր, ի՞նչ են արել այդքան ժամանակ: Ո՞վ են իրենք, որ հիմա դրսից խրատ տան Հայաստանին ու ասեն, թե ով հրաժարական տա: Դուք հայաստանցի՞ եք, դուք ապրո՞ւմ եք Հայաստանում, դուք այդ երկրի դժվարությունները գիտե՞ք, որ նման կոչեր եք անում: Դուք ավելի լավ է լռեք ու օգնեք, հիմա ուրիշ բան չկա անելու: Ստացվում է, որ Ֆրանսիայում ապրողները պետք է խրատ տան Հայաստանում ապրող ժողովրդի՞ն: Սփյուռքը այսօր պետք է օգնի Հայաստանին, ոչ թե պետք է ավելի սրի վիճակը Հայաստանի ներսում: Կարող եմ ասել, որ Ֆրանսիայի հայ համայնքի մեծամասնությունն ինձ պես է մտածում, միայն ՀՅԴ-ն է, որ լարվածություն է մտցնում և ասում, որ վարչապետը պետք է հրաժարական տա հենց հիմա:
Հայաստանի ԱԳ նախարարն էր այցելել Ֆրանսիա: Ձեր կարծիքով, հիմա Ֆրանսիան ինչո՞վ կարող է աջակցել Հայաստանին:
Ֆրանսիան հայտարարում է, որ կողմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները շարունակելուն: Մյուս կողմից, Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը Արցախի անկախությունը ճանաչող բանաձևեր ընդունեցին, դրանով հանգստացրին Սփյուռքին, բայց մենք հասկանում ենք, որ այդ բանաձևերը խորհրդանշական բնույթ ունեն, օրենք չեն: Դա քաղաքական առումով լուրջ օգուտներ չի բերում Հայաստանին, առավելագույնը բանակցությունների ժամանակ Ֆրանսիան կարող է մի քիչ ավելի Հայաստանի կողմը բռնել: Ինձ թվում է, որ իրենք պետք է փորձեն Մինսկի խմբի հետ աջակցել Հայաստանին՝ առանց վիրավորելու Ադրբեջանին: Դիվանագիտությունը դա է: Նաև փաստ է, որ Մինսկի խումբը 23 տարի գրեթե չի աշխատել: Հիմա պետք է անեն այն, ինչը չեն արել 23 տարվա մեջ և փորձեն շտկել իրավիճակը: Մենք գիտենք, թե ինչ է դիվանագիտությունը, եթե մեկին մի բան ես տալիս, մյուսին էլ ինչ-որ բան պետք է տաս, այդպես է: Ակնհայտ է, որ այսօր գլխավոր դերակատարը Ռուսաստանն է, և ինձ թվում է, որ նախագահ Մակրոնը ևս ուզում է լավ լինել Ռուսաստանի հետ, ինչը խելացի քայլ է: Հիմա հույս ունեմ, որ կկարողանան լեզու գտնել, ինչը Հայաստանի համար միայն օգտակար կարող է լինել: Անշուշտ, Ֆրանսիան մարդասիրական օգնություն է տրամադրում և կշարունակի տրամադրել Հայաստանին, բայց ուրիշ ի՞նչ կարող է անել: Դժբախտաբար, Ֆրանսիան ոչ Ամերիկա է, ոչ էլ Ռուսաստան: Հիմա Հայաստանը պետք է իր ամբողջ դիվանագիտությունը փոխի և աշխարհի կարևոր երկրների հետ լեզու գտնի և դա անի շատ ավելի ակտիվ ձևով: Դիվանագիտությունը շատ կարևոր է:

Новые фильмы

Новые Мультфильмы