НОВЫЕ СЕРИАЛЫ
NEWS
«Փորձում են վերադառնալ Ստալինի կողմից գծված սահմանին». Ժիրայր Սեֆիլյան

«Քաղաքական ղեկավարության պատճառով ունենք կապիտուլյացիոն փաստ, որի ձեռքին և՛ մեր բանակը, և՛ մեր ժողովուրդը կրակն է ընկել: Ըստ էության՝ ստորագրված հայտարարությունն են փորձում կյանքի կոչել: Փորձում են վերադառնալ Ստալինի կողմից գծված սահմանին, մինչդեռ նույնիսկ ռազմական գործից չհասկացող մարդը կարող է տեսնել, որ այդպիսի զիգզագներով սահման պահել հնարավոր չէ»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, սահմանազատումների գործընթացին:
Նրա կարծիքով՝ 90-ականների սկզբից մենք սխալ քաղաքականություն ենք որդեգրել. «Մենք պետք է լինեինք Առաջին Հանրապետության իրավահաջորդը, ոչ թե՝ Սովետական Հայաստանի իրավահաջորդը, և այսօր բոլորովին այլ կարգավիճակում կլինեինք տարածաշրջանում...: Բազմաթիվ խոցելի նահանջներ ենք կատարել Սոթքից սկսած՝ մինչ Արաքս: Բայց կան հատվածներ, որ չենք կարող հետ գալ՝ պաշտպանական տրամաբանությամբ: Կարծում եմ՝ մեր զինվորականությունը ուզում է դիմադրել, իսկ քաղաքական ղեկավարը ուզում է կետ առ կետ կյանքի կոչել ստորագրված հայտարարությունը: Հուսով եմ՝ զինվորականությունը ուժ կգտնի իր մեջ և մեր ժողովրդի հետ այնպես կանի, որ Գորիս-Կապան-Մեղրի հատվածում կմնանք այնտեղ, որտեղ այսօր ենք»,- ասել է Սեֆիլյանը:
Նրա կարծիքով՝ եթե հայկական կողմը պնդի, որ տվյալ դիրքը պետք է պահենք, ոչ ոք ոչինչ չի կարող անել: «Ազերիները վաղն էլ կարող են ասել՝ Երևանից դուրս եկեք, թե չէ պատերազմ ենք սկսում, ի՞նչ ենք անելու. ահավասիկ Կապանը մեր աչքի առաջ է, ամեն ինչ չափ ու սահման ունի»,- ասել է նա: