НОВЫЕ СЕРИАЛЫ
NEWS
Ինչ կատարվեց Սյունիքում, ինչու են շտապում Մոսկվան ու Բաքուն

Այսօր ժամը 17։00 Սյունիքի դիրքերը հանձնվեցին, կառավարության հրահանգով, ինչպես ձեւակերպված է պաշտոնապես։ Դրա հետեւանքով Գորիս-Կապան մայրուղին կիսով չափ անցնելու է Բաքվի վերահսկողության տակ։ Հայ պաշտոնատարները վստահեցնում են, որ նորմալ երթեւեկության անվտանգությունն ապահովվելու է, սահմանապահ զորքերը արդեն 3 օր առաջ տեղակայված են։ Բացի այդ, տեղակայվելու են նաեւ ռուս սահմանապահներ թե խաղաղապահներ։
Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, թե «Սյունիքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա: Ըստ փաստաթղթի էլ մենք շարժվում ենք»։ Թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը՝ նա չի ասել։
Եթե խոսքը տխրահռչակ եռակողմ հայտարարության մասին է, դրանում նման բան նախատեսված չէ։ Ավելին, դրանում նշված են այն 3 շրջանները, որոնք պետք է վերադարձվեն, սակայն խոսք չկա հարավի մասին։ Ավելին, այս դեպքում գործում է այն կետը, ըստ որի՝ զորքերը կանգնում են իրենց տեղում։ Ինչպես տեսնում ենք, զորքերը ոչ միայն տեղում չեն մնացել, այլ հրահանգվել է նահանջել դիրքերից։
Սա եռակողմ հայտարարության հերթական կոպիտ խախտումն է։ Եթե հավատանք իշխանության պնդումներին, որ եռակողմ հայտարարությունը գաղտնի հավելվածներ չունի, նշանակում է այս ամենը տեղի է ունենում բանավոր պայմանավորվածությամբ, այսինքն՝ ՀՀ իշխանությունը ստանձնել է միակողմանի պարտավորություններ։ Ըստ ամենայնի, դրա հետ էր կապված Ալիեւի այսօրվա գովքը Փաշինյանին։
Ինչ է կատարվում, եւ որն է լինելու դրա հետեւանքը։ Սրընթաց սահմանազատումն ավարտվելու է ինչ որ պայմանագրով, որով Հայաստանը ճանաչելու է սահմանը։ Ինչու չենք ասում փոխադարձ ճանաչում է լինելու, ինչը ենթադրվում է սահմանազատմամբ։ Որովհետեւ խամաճիկ իշխանություն ունեցող Հայաստանին պարտադրվելու է այդ պայմանագիրը, ինչպես եռակողմ հայտարարությունը, այսինքն՝ այն գործելու է ընդդեմ Հայաստանի։
Այսօր հայկական զորքերի հետքաշումը հսկելու համար Երեւան էր ժամանել ՌԴ ԱԴԾ ղեկավար Բորտնիկովը, որտեղից էլ մեկնել է Բաքու։ Սյունիքը կամ առնվազն մի զգալի հատվածն այդպիսով հայտնվում է շրջափակման ու մեկուսացման մեջ ցանկացած պահի։ Հնարավոր է՝ սա Սյունիքի օտարման ծրագիր է, հաղորդակցությունների մի քանի միջանցքի վերաբերյալ ռուս-թուրքական պայմանավորվածություններով։
Նկատելի է ինչպես են շտապում Մոսկվան ու Բաքուն․ Հայաստանի լիարժեք իրավազրկումն անհրաժեշտ է անակնկալներից ապահովագրվելու համար, քանի դեռ գերիների ու անհայտ կորածների զգայուն թեմայով եւ երեւանյան 17+իշխանություն թամաշայով հանրությունը պահվում է շոկի ու հուսալքության մեջ։