ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Իմ մահը պիտի ըլլա ոտքի վրա… Նա քաջ գիտակցում էր, թե ինչ է նշանակում հայ լինել Թուրքիայում

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Իմ մահը պիտի ըլլա ոտքի վրա… Նա քաջ գիտակցում էր, թե ինչ է նշանակում հայ լինել Թուրքիայում


«Ես մտածում եմ, որ այնպիսին չեմ, ինչպես շատ հայեր, որոնք նախընտրում են վտանգի դեպքում գլուխները թաքցնել: Բայց ո՞ւր կարող է հասցնել ամբողջ ժամանակ թաքնվելը: Հենց դա է ինձ թիրախ դարձնում եւ, ցավոք, ոչ միայն ինձ: Իմ ընտանիքին եւս այդ ամենը առնչվում է: Կնոջ եւ երեխաների համար հեշտ չի իմանալ, որ իրենց հայրը անընդհատ հաշվեհարդարի սպառնալիքներ է ստանում թե հեռախոսով եւ թե էլեկտրոնային փոստով: …Ամենեւին հեշտ չեն իմ ապրումները, ընտանիքիս ապրումները: Եղել են պահեր, որ լրջորեն մտածել եմ երկրից հեռանալու մասին: Հատկապես այն ժամանակ, երբ սպառնալիքներն ուղղվել են մերձավորներիս… Այդ պահերին ես ինձ միշտ ճարահատյալ եմ զգացել: Ահա այդպիսի անելանելի պահերին ապաստանեցի ընտանիքիս, երեխաներիս եւ ամենամեծ աջակցությունն էլ նրանցից ստացա: Ես որտեղ լինեմ, նրանք էլ լինելու են այնտեղ: Եթե ասեի գնանք՝ գալու էին, մնանք՝ կմնային: Շատ բարի, բայց ո՞ւր գնալ: Հայաստա՞ն: Ինչպե՞ս: Կարո՞ղ էր ինձ նման մեկը, որն ընդվզում է անօրինականությունների դեմ, հանդուրժել այնտեղ կատարվող անօրինականությունները: Գուցե այնտեղ ինձ ավելի մեծ փորձություննե՞ր էին սպասում: Իսկ եվրոպական երկրներ գնալն ինձ համար չէր: Եթե մենք ստիպված ճամփա բռնեինք… Ճանապարհ էինք ընկնելու այնպես, ինչպես 1915-ին մեր պապերը… Առանց իմանալու՝ դեպի ուր… Քայլելով այն ճանապարհով, ինչ բոբիկ իրենք էին անցել: Տանջվելով ու ապրելով նրանց վիշտը: Ահա այսպիսի կանխազգացողությամբ լքելու էինք Հայրենիքը, գնալու էինք այնտեղ, որտեղ կտանեին մեր ոտքերը, այլ ոչ թե սիրտը կկամենար…»:
Հրանտ ԴԻՆՔ

 Իր դավադիր սպանությունից ընդամենը երկու օր առաջ հոգեկան այսպիսի տվայտանքների, ապրումների ու մտորումների մեջ էր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերենով եւ թուրքերենով հրատարակվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը՝ թուրքահայ մտավորականներից մեկը, ով հայտնի էր իր խիզախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով: 1996 թ. հիմնելով թերթը՝ նա նպատակ ուներ ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտության օղակ լինել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ: Ազգանվեր ու ազնվագույն գաղափարներով տոգորված խմբագիրը, չնայած որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միեւնույն է, աշխատում էր հանգիստ, մշտապես իր մտահոգություններն էր հայտնում երկու ժողովուրդների միջեւ առկա լարված հարաբերությունների վերաբերյալ: Բացի հրապարակումներից, ելույթներ ունենալով ժողովրդական հարթակներում եւ հասարակական կազմակերպություններում՝ Հրանտ Դինքը մշտապես ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարության, խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, հատկապես այս երկրում ապրող հայ համայնքի իրավունքների հարցերը: Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին, ըստ որի՝ 1915-ին տեղի ունեցածը պատերազմական ժամանակների բախումների հետեւանք էր, ոչ թե նպատակային կոտորած, ըմբոստ խմբագիրը բազմիցս հալածվել է, դատապարտվել պայմանական բանտարկությունների: «Կան թուրքեր,- գրում էր նա,- ովքեր չեն ընդունում, որ իրենց նախնիները ցեղասպանություն են գործել: Սակայն եթե նայենք, կհասկանանք, որ այդ մարդիկ բարի, հաճելի մարդկանց տպավորություն են թողնում: Ամեն դեպքում, ինչո՞ւ նրանք չեն կարողանում ընդունել ցեղասպանությունը: Որովհետեւ նրանք կարծում են, որ ցեղասպանությունը վատ բան է, որ նրանք երբեք չէին ցանկանա անել դա եւ այդ իսկ պատճառով չեն կարող հավատալ, որ իրենց նախնիները կարող էին կատարել նման բան»: Նա հավատում էր, որ հայ սփյուռքը հնարավորություն կունենա ազատ ապրելու՝ չենթարկվելով ճնշումների, առաջնահերթ հաշվի առնելով ապրողների մեծամասնության կարծիքը: Հասկանալով, որ կարեկցանքը չի փոխում ցեղասպանության հարցը, նա կոչ էր անում երկխոսության. «Հայ-թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է դուրս բերել 1500 մետր խորություն ունեցող ջրհորից…»:
Անկախ հայ մարդուն բնորոշ լավատեսությունից, անկախ խաղաղասիրական իր դավանանքից ու համոզմունքներից, հոգու խորքում Դինքը լավ էր ճանաչում թուրքերին, վկան էր ազգային փոքրամասնությունների հանդեպ վարած նրանց քաղաքականության, նրանց դավադիր կեցվածքի, մշտապես իրեն ուղղված սպառնալիքների: Իր վերջին հարցազրույցում լրագրողի այն հարցին, թե՝ Դուք չե՞ք վախենում հանդես գալ ի պաշտպանություն ոչ միայն հայ, այլեւ մյուս ազգային փոքրամասնությունների իրավունքների, Դինքը անկեղծանում է. «Իհարկե, վախենում եմ: Եթե ուզում եք իմանալ, այդ վախն ինձ հետապնդում է ամեն օր: Դուք երբեւէ հետեւե՞լ եք աղավնուն: Նա ամբողջ ժամանակ գլուխն է պտտում, ցնցվում է յուրաքանչյուր շրշյունից եւ պատրաստ է յուրաքանչյուր առիթի դեպքում թռչել հեռու: Դա չի կարելի կյանք անվանել: Միայն թե ես, ի տարբերություն աղավնու, ոչ մի տեղ չեմ կարող թռչել…»:
Թուրքական իշխանությունների աչքի փուշը դարձած մտավորական խմբագիրը տակավին երիտասարդ հասակում էր առնչվել իր հանդեպ չարակամ վերաբերմունքի, ակնհայտ խտրականության. «Բանակում ծառայությունս ավարտելով՝ ես կարող էի շարունակել զինվորական կարիերաս եւ սպա դառնալ: Այն ժամանակ արդեն ամուսնացած էի, երկու երեխա ունեինք, սպասում էինք երրորդին: Որպեսզի կոչում ստանամ, ես, ինչպես եւ բանակի իմ շատ թուրք ծառայակիցներ, քննություններ տվեցի: Դրանից հետո սպայի կոչման բոլոր հավակնորդներին պետք է հերթով կանչեին եւ հատուկ մեդալներ շնորհեին: Չկարդացին միայն իմ անունը: Եվ այդ ժամանակ ես հասկացա՝ աշխարհիկ պետություն դարձած Թուրքիայում անհնար է դառնալ սպա, եթե դու մահմեդական չես: Այդ ժամանակ իրականում առաջին անգամ հասկացա, թե ինչ է նշանակում Թուրքիայում հայ լինելը…»:Իր պարագայում եւ իր տեսակի համար, ցավոք, ճակատագիրն անբեկանելի էր լինելու: Կարծես նա հստակորեն կանխազգում էր կատարվելիքը՝ մահվանից երկու օր առաջ տված հարցազրույցում ասելով. «Հավանական է, որ 2007 թվականն ինձ համար ավելի ծանր տարի լինի…»: Եվ եղավ ոչ թե ծանր, այլ ողբերգական. հունվարյան այս օրը Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ հետեւից գլխին արձակած երեք հրազենային կրակոցից դավադրաբար սպանվեց ըմբոստ խմբագիրը: Մարդասպանը հեռանալիս գոչել էր «գյավուր», ինչն անառարկելի հիմք է, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա: Այն կատարողը 17-ամյա Օգյուն Սամաստն էր, իսկ կազմակերպիչը՝ «Էրգենեկոն» ազգայնական կազմակերպությունը: Կատարվածը դատապարտեցին Հայաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, հազարավոր թուրքեր, մտավորականներ: Ծանր էր կորուստը, անդառնալի: Հիշելով աղավնիների վրա չկրակելու Դինքի հավատամքը՝ թուրքահայ անվանի բանաստեղծ Զահրատը գրեց. «Աղավնիները համոզեցին, ըսին, որ իրենց վրա չեն կրակեր: Հրանդ հավատաց: Թեպետ երկչոտ՝ հավատաց, թե աղավնի մըմ է, բայց կրակեցին: Նախատեսած էր, մեկ քանի տարի առաջ ըսած էր ինծի. «Իմ մահը պիտի ըլլա ոտքի վրա՝ կանգնած, ոչ թե պառկած անկողնին մեջ…»: Եթե մեզի հարցնեք՝ ան միշտ հաղթական պիտի կանգնի՝ անաղարտ արձանի մը պես…»:
Այսօր շատերն են խոսում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին, խոսում են ինչպես առանձին երկրներ, այնպես էլ մեր համերկրացիները, սակայն այս ազգերի միջեւ խաղաղության հաստատման ջատագով Հրանտ Դինքի սպանությունը պատասխան է բոլոր նրանց, ովքեր դեռ հույսեր ունեն…
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Новые фильмы

Новые Мультфильмы