HAYASTAN.PRO

Թուրքիան հեռացվե՞լ է ՆԱՏՕ-ից. Ստոլտենբերգի խոսքը Բրյուսելում



ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ, մենք խորապես մտահոգ ենք կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտումներով, որոնք հանգեցնում են զոհերի: Հոկտեմբերի 21-ին Բրյուսելում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ ճեպազրույցի ընթացքում այդ հայտարարություններն է արել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Ստոլտենբերգի հայտարարությունը մի կողմից նորություն կամ անսպասելի չէ, մյուս կողմից այն ուշագրավ լույսի ներքո է հնչում դեռեւս պատերազմ հրահրելուց առաջ Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարի հայտարարության ֆոնին: Աքարը հայտարարել էր, որ Թուրքիան հակամարտության կողմ է, քանի որ Ադրբեջանի անվերապահ աջակիցն է:

Ինչ է ստացվում, եթե ՆԱՏՕ հակամարտության կողմ չէ, ինչպես հայտարարել է Յենս Ստոլտենբերգը, ապա Թուրքիան այլեւս ՆԱՏՕ անդամ չէ՞: Բանն այն է, որ Թուրքիան հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, եւ երբ հայտարարում է, որ հակամարտության կողմ է, ապա այդ հակամարտության մեջ ներքաշում է փաստորեն նաեւ հյուսիսատլանտյան դաշինքին:

Ընդ որում, այդ հանգամանքի մասին ակնարկել է նաեւ դաշինքի մեկ այլ անդամ Ֆրանսիայի նախագահը: Թուրքիան փաստորեն ոչ միայն հակամարտության, այլ նաեւ միջազգային ահաբեկության հետ գործակցության մեջ է ներքաշել ՆԱՏՕ-ին, քանի որ հազարավոր ահաբեկիչներ է ներկրել Ադրբեջան եւ սկսել պատերազմ Արցախի դեմ: Իսկ դա միջազգայնորեն ապացուցված հանգամանք է:

Հետեւաբար, երբ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հայտարարում է, որ դաշինքը հակամարտության կողմ չէ, եւ դա անշուշտ միանգամայն ողջունելի հայտարարություն է, այդուհանդերձ առաջանում է հարց՝ իսկ Թուրքիան դաշինքի անդա՞մ է, թե՞ անդամ չէ: Հետեւաբար, եթե անդամ չէ, ապա գուցե պետք է այդ մասին հայտարարել բարձրաձայն եւ ձեռնամուխ լինել Անկարայի հանդեպ դաշինքի որեւէ պարտավորության չեղարկման: Եթե ոչ, ապա կողմ չլինելու մասին Ստոլտենբերգի հայտարարությունն ուղղակի հարվածում է հենց դաշինքի հեղինակությանը, որովհետեւ ստացվում է, որ ձախ ձեռքը չգիտե, թե ինչ է անում աջը: Այն դեպքում, երբ աջի արածը հանցագործություն է:

Այդ պարագայում, ՆԱՏՕ-ն հակամարտող կողմ է, թե ոչ, պարզ չէ, բայց որ դառնում է Արցախի ժողովրդի դեմ ահաբեկչական պատերազմ հայտարարած Թուրքիայի հանցակից, դառնում է ցավալիորեն ակնհայտ:
OTHER NEWS
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO