HAYASTAN.PRO

Ոստիկանությունը քննում է առաջնագծում պայմաններից դժգոհած ծառայողին առնչվող տեսանյութը



Ոստիկանությունը շարունակում է այն տեսանյութի քննությունը, որտեղ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրերին առաջնագծում գտնվող ոստիկանության մի ծառայող դժգոհել է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:


«Սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ առաջնագծում գտնվող ոստիկանության մի ծառայող դժգոհում է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից:
Ծառայողական քննությամբ ճշտվել է այդ ծառայողի ինքնությունը, ինչպես և՝ ովքեր են տեսանյութը տարածել:


Մասնավորապես պարզվել է, որ տեսագրությունն արվել է պատերազմի առաջին օրերին, երբ համալրման գործողությունների հրատապությունը դեռ որոշակի խնդիրներ էր առաջացնում:
Հետագայում բոլոր խնդիրները լուծվել են, և մարտական հերթապահությունը կարճ ժամանակում կանոնակարգված բնույթ է ստացել:
Մեր քաղաքացիներին հորդորում և կոչ ենք անում առանց հանգամանքները ստուգելու այս կարգի նյութեր չտարածել, չընդհանրացնել մասնավոր դեպքերը, ինչպես և նման նյութերի մասին տեղյակ պահել պատկան մարմիններին:


Հիշյալ տեսանյութի առնչությամբ ծառայողական քննությունը շարունակվում է:
Ըստ քննության արդյունքների կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
OTHER NEWS
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO