ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Հայոց ցեղասպանությունից և Արցախից հրաժարվելու գնով Թուրքիայի հետ կապեր հաստատելը մեզ կհանգեցնի բացարձակի կորստի՝ կզրկվենք այս վերջին հողակտորից. Աշոտ Հայրունի

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Հայոց ցեղասպանությունից և Արցախից հրաժարվելու գնով Թուրքիայի հետ կապեր հաստատելը մեզ կհանգեցնի բացարձակի կորստի՝ կզրկվենք այս վերջին հողակտորից. Աշոտ Հայրունի



Թուրքիայի հանդեպ այս իշխանության ռազմավարությունը պարունակում է մեծ սպառնալիքներ, անթույլատրելի է այդ ճանապարհով գնալը. կենսական նշանակության ազգային շահերը ոտնահարելու գնով Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը մեզ կհասցնի բացարձակ կորուստների, որոնց հետևանքները չափազանց ծանր են լինելու: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին:

«Մեր ներուժի առանցքում Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, դա է համախմբում Սփյուռքին։ Ցեղասպանության ճանաչումից հրաժարումը մեզ կհանգեցնի զանգվածային բարոյալքման, այն կդադարի սփյուռքապահպան գործոն լինելուց և մեր ժողովրդին կտանի ինքնասպանության։ Էրդողանի ռեժիմը Բաքվում վերջերս փառավորում էր Էնվեր փաշայի հոգին, սա այն Թուրքիան է, որը կար 100 տարի առաջ, այն առհասարակ չի փոխել Մեծ Թուրանի ծրագիրը և իր առջև գտնվող խոչընդոտները վերացնելու քաղաքականությունը, իսկ գլխավոր խոչընդոտը մենք ենք»,- ասել է պատմաբանը:
Ըստ Հայրունու՝ Թուրքիային այս գնով ընդառաջելն անպատկերացնելի է և անթույլատրելի, և եթե հայ-թուրքական սահմանն այսօր բացվի, դա մեզ միայն չարիք է բերելու. «Թուրքիան փորձելու է տնտեսապես խեղդել Հայաստանին, որևէ հնարավորություն բաց չի թողնելու դա անելու համար։ Մարտահրավերները, ուժային կենտրոնները  նույնն են, ինչ հարյուր տարի առաջ՝ Առաջին հանրապետության կործանման օրերին։ Եթե այսօր էլ նույն սխալը թույլ տանք, կզրկվենք այս վերջին կտոր Հայաստանից։ Հարյուր տարի առաջ էլ Արևմուտքը մեզ Սևրի պայմանագիր տվեց, բայց ոչ մի ջանք չգործադրեց իրագործելու այն»:
Պատմագիտության դոկտորի կարծիքով՝ Հայաստանում շարունակվում է ռուսական և թուրքական շահերի դիմակայությունը, որևէ այլ ուժ այստեղ զենք և զորք չի ուղարկելու. «Եթե Ցեղասպանության ճանաչումից և Արցախից հրաժարվելու գնով գնանք Թուրքիայի հետ դիվանագիտական կապերի հաստատման, դա կործանարար կլինի։ Իշխանության ասածները բոլորովին անհամարժեք են մեր իրականությանը։ Այս ամենն արվում է արցախյան պատերազմից անմիջապես հետո, այսինքն՝ մենք մեր թշնամու դե՞մ չէինք կռվում, այլ բարեկամի՞, այդ ո՞վ էր ռազմական հանցագործություններ կատարում, ոչնչացնում մեր բնակչությանն ու հուշարձանները»:
Պրոֆեսորի պնդմամբ՝ իշխանությունն ազգային օրակարգ չունի, ազգային քաղաքական շահերով չի առաջնորդվում: «Հայաստանում հեղինակություն կունենան այն քաղաքական գործիչները և թիմերը, որոնք կխոսեն ազգային շահերն առաջ տանելու մասին։ Պատմությունն ամեն ինչ արձանագրելու է, այս բախտորոշ ժամանակահատվածում ֆիքսվելու են բոլոր քաղաքական գործընթացները, կանցնի որոշ ժամանակ, և կլինեն անուններ, որոնք խարան են դառնալու սերունդների համար։ Եթե սահմանները բացվեն, Թուրքիան անգամ սեփական նյութական կորուստների գնով կօգտագործի իր լծակները՝ Հայաստանում իր էքսպանսիան հաջողությամբ ավարտելու համար»,- ամփոփել է Աշոտ Հայրունին:

Դավիթ Սարգսյան