ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Զարուհի Փոստանջյանի բաց նամակը՝ Արման Թաթոյանին և Արթուր Դավթյանին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Զարուհի Փոստանջյանի բաց նամակը՝ Արման Թաթոյանին և Արթուր Դավթյանին


«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանի դիմումն ուղղված ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. «2021 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 3:30 սահմաններում, Երևանի Արաբկիր վարչական շրջանում` Բարեկամության մետրոյի հարևանությամբ՝ շուրջ 500 մետր, Կասյան և Գյուլբեկյան փողոցների բնակելի շենքերի բակում (Երևան, Կասյան 12 հասցե), Երևանի Արաբկիր համայնքը բնական գազ ապահովող գազատար խողովակի անմիջապես կողքին տեղի է ունեցել ահաբեկչական ակտ` կայանված ավտոմեքենայի պայթյուն և հրկիզում:
Դիզելային շարժիչով աշխատող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի առաջին հատվածը գրեթե մոխրացել է: Ավտոմեքենան պատկանում է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան, նախկին ՀՀ ԱԺ պատգամավոր և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար, ընդդիմադիր քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանի ամուսնուն` բժիշկ Սուրեն
Դրամփյանին: Դեպքը տեղի է ունեցել Զարուհի Փոստանջյանի տան բակում:
Պայթյունից և հրդեհից անցել է շուրջ 100 ժամ (4 օր), սակայն Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իրավապահ մարմինների, իր առաջնային պարտականությունը՝ մասնավորապես տեղի ունեցած ահաբեկչական ակտի վերաբերյալ մանրակրկիտ քննություն անցկացնելուն ուղղված (քրեական գործ հարուցելը և համալիր փորձաքննություն իրականացնելը) չի կատարել:
Մոխրացած ավտոմեքենան և նրա կողքին կայանված մեկ այլ ավտոմեքենա, որի հետնամասը նույնպես այրվել է ահաբեկչական ակտի պատճառով՝ ոստիկանության պահանջով շարունակում է գտնվել դեպքի վայրում:
Ահաբեկչական ակտի հետևանքով պատճառվել են բարոյական և նյութական վնասներ: Սակայն իրավապահ մարմինները պետության կողմից ճանաչված համապատասխան ընթացակարգերի՝ տուժողներին դատավարական կարգավիճակ չեն տվել և չեն տրամադրվել նրանց պաշտպանության միջոցներ։
Համադրելով փաստերն ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունն իր պարտականությունն ահաբեկչության դեմ պայքարում ոչ միայն չի կատարում, այլև դրսևորելով անգործություն, ըստ էության, հովանավորում է ահաբեկչությունը՝ առաջացնելով հասարակության շրջանում վախի և անհանգստության մթնոլորտ ներկայի և ապագայի, իրավունքների և ազատությունների պաշտպանվածության համար, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: Երևանի բնակելի մասում հատուկ վտանգ ներկայացնող պայթեցնող և հրկիզող նյութերի (զենքի) կիրառմամբ իրականացված ահաբեկչական ակտի վերաբերյալ քննություն չիրականացնելը պետության պարտականություններից հրաժարում է:
Առ այս պահը Հայաստանի Հանրապետության բնակչությանը ՀՀ իշխանությունների կողմից պաշտոնապես պարզաբանում չի տրամադրվել առնվազն` հանցագործության կատարման նախնական կանխավարկածի վերաբերյալ և հանցագործությունը բացահայտելուն ուղղված գործողությունների վերաբերյալ (ինչո՞ւ չի հարուցվել քրեական գործ և չի իրականցվել համալիր փորձաքննություն):
Կարող ենք փաստել, որ Երևանում բնակվող և աշխատող քաղաքական և հասարակական գործիչները դարձել են ահաբեկչության թիրախ:
ֆիզիկական անվտանգության տեսանկյունից Երևանը, որը պետք է դիտարկվի որպես հակաահաբեկչական պաշտպանվածության ենթակա հատուկ օբյեկտ, չի դիտարկվում: Այսինքն՝ պետության պարտավորությունների մերժումն ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում նոր ահաբեկչական ակտերի կատարման համար:
Ուստի դիմելով Ձեզ ակնկալում եմ գործուն միջամտություն սույն դիմումի մեջ բարձրացված խնդիրը հետապնդելու ուղղությամբ»: